ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Նիդերլանդների և Հայաստանի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերին։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մի քանի ուղղություններով դեսպանության հետ հաջող համագործակցության օրինակներ կան։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագիրը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության 3 տարիներն իր համար շատ հիշարժան են եղել։ Դեսպան Սխերմեսը կարևորել է նաև ՀՀ կառավարության՝ մասսայական սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերը, որոնց դեսպանն անձամբ հաճույքով մասնակցել է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: