ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դերասաններ Արմեն Քուշկյանն ու Լիլիա Մուկուչյանը մասնակցել են Կինեշմայում (ՌԴ) կայացած «Օստրովսկի-FEST» միջազգային V թատերական փառատոնին:

Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը, իսկ Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա» մոնոներկայացումը՝ ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի («Արմմոնո» փառատոնի նախագիծ):

Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների աշխատանքները:

«Օստրովսկի-ՖԵՍՏ» միջազգային թատերական V փառատոնում Լիլիա Մուկուչյանի «Վարեչկա» մոնոներկայացումը՝ Ելենա Վարդանյանի բեմադրությամբ, արժանացել է թատրոնի մասնագետների բարձր գնահատականին՝ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում ստանալով մրցանակ:

«Օստրովսկի-FEST» միջազգային փառատոնին այս տարի մասնակցել է 16 ներկայացում՝ 8 երկրից: Հայաստանը փառատոնին մասնակցել է երրորդ անգամ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: