ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Կարգի նախագծի համաձայն՝ անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել մրցանակի:
Անվանական թոշակի վճարումն իրականացվում է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով, համապատասխան գումարի չափով, որը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները:
Միևնույն անձը կարգի նշված մրցանակներից մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվում է դրանցից յուրաքանչյուրի համար։
Ոչ անհատական (խմբային) արդյունքի դեպքում անվանական թոշակի գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է անվանական թոշակի բաշխումը։
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ` հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4enrmur2: