Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 27-ին ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերը:

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ուժային գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Ելույթ ունեցողները նշել են, որ առաջին անգամ անցկացված միջոցառումն ամրապնդել է համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։ Բանակային խաղերի ընթացքում մասնակիցները դրսևորել են կամային որակներ, արհեստավարժություն, հմտություններ՝ փորձելով լավագույնս ներկայացնել իրենց կառույցները։

Թիմերի ղեկավարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալներով:

Ուժային կառույցների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՊՆ հավաքական թիմը, երկրորդ տեղը գրավել է ԱԱԾ հավաքական թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՆԳՆ հավաքական թիմը:

Հիշեցնենք, որ բանակային խաղերին մասնակցում էին ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք մեկ շաբաթ պայքարել են մի քանի մրցաձևերում:

Բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ:

Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ:

Բանակային խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ և պաշտպանության նախարարությունները: