Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:

Վերջինիս հետել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության, երկրորդը՝ Ոստիկանության, երրորդը՝ ԱԱԾ թիմը:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ պայքարում են մի քանի մրցաձևերում:

Մրցումներից հետո վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար և շնորհավորել հաղթողներին:

«Շատ կարևոր մրցաշար է և պետք է այն զարգացնենք: Մյուս տարի կընդլայնենք մասնակից թիմերի քանակը, հույս ունենք նաև երկրպագուների ավելի մեծ բանակ կլինի, որովհետև տեսանք, որ նրանց ներկայությունը կարևոր է, շատ լավ քաջալերում էին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նման մրցումների կազմակերպման նպատակներին:

«Առաջինը՝ ուզում ենք ընդհանրապես մեր՝ որպես հանրություն, պետություն ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը ևս մեկ անգամ շեշտել: Երկրորդը՝ ուզում ենք ինչո՞ւ ոչ այն ծառայողները, ովքեր ունեն հատուկ որակներ, ոչ միայն դրամական, այլև քաջալերման լրացուցիչ խթան ունենան»,- նշել է վարչապետը:

Հիշեցնենք՝ բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ:

Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ:

Բանակային խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին: