Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախպարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Հաջողություն և ազնիվ մրցապայքար մաղթելով խաղերի մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը համոզմունք են հայտնել, որ այս խաղերն առավել կամրապնդեն ուժային կառույցների ներկայացուցիչների մարզական մրցակցության ոգին և գործընկերային փոխգործակցությունը, իսկ առաջին անգամ անցկացվող այսօրինակ բանակային մրցաշարը կդառնա ամենամյա և ավանդական:

Ելույթ ունեցողները նաև ընդգծել են, որ մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ, ուստի պատիվ ունեն ներկայացնելու իրենց ուժային կառույցները՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ կպայքարեն մի քանի մրցաձևերում:

Բանակային խաղերի բացման արարողությունը եզրափակվել է հավաքական թիմերի hանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի ելույթով։

Հիշեցնենք՝ բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝

  • բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից (կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում), վազք՝ 100 մ և 3000 մ (կանանց համար՝ 1000 մ) և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը,
  • ռազմականացված կրոսավազք (փոխանցումավազք), որը կիրականացվի թե՛ անհատական, թե՛ թիմային ձևերով, այս պարագայում արդեն փոխանցումավազքով, ամեն կառույցից՝ 3-ական մասնակից: Մարզաձևի էությունը վազքն է, այնուհետև թիրախի խոցումն ավտոմատով, նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը,
  • կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով, տեղանքում առանձնացվելու են ստուգողական կետեր, քարտեզով տրվելու են նաև դրանք գտնելու հերթականությունը, և էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Մասնակիցները, ինչը կարևոր է, կարող են օգտագործել միայն ոչ էլեկտրոնային կողմնացույց,
  • 3 տարբեր հրաձգության ձևեր են տարբեր դիրքերով՝ հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից,հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից: Հրաձգությունը պետք է կազմակերպվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված հրաձգության ձեռնարկի համաձայն:

Բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ:

Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ: