Օգոստոսի 19-ին Գառնիում տեղի է ունեցել Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և խաղերին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը Հայաստանում էին միավորել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցներին։ 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ երկու շաբաթների ընթացքում պայքարել են մեդալների 107 հավաքածուի համար։ Նրանց 80%-ից ավելին առաջին անգամ էր Հայաստանում։

Միջոցառման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակներ է հանձնել «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։

Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։

Լավագույն պատվիրակություն է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի պատվիրակությունը։

Արդար խաղ անվանակարգում հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը։

Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը։

Մարզական ոգի և արիություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի թիմը։

Լավագույն քաղաք անվանակարգում հաղթել են Լոնդոնն ու Արթիկը։

Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով և 25-ամյակի մեդալներով են պարգևատրվել մի շարք գործիչներ:

Պարգևատրման արարողությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով և Համահայկական 8-րդ ամառային խաղերը հայտարարել փակված:

Նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է. «Ավարտին են մոտենում Համահայկական 8-րդ ամառային խաղերը, որոնք արդեն 25 տարի դարձել են կամուրջ աշխարհի տասնյակ երկրներում ապրող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի միջև: Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել համահայկական խաղերի բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս, որովհետև ամառային խաղերն իրապես համահայկական միջոցառում է՝ իր բովանդակությամբ ու միասնականության խորհրդով: Այս օրերին աշխարհի ամենահեռավոր անկյուններից Հայաստան եկած մեր բազմահազար հայրենակիցներն իրենց հետ նոր ուժ ու կորով են բերել»:

Նշենք՝ 8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։ Ամենամեծը Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն էր՝ 24 քաղաքների 705-հոգանոց թիմ։ Ամենափոքր պատվիրակությունն ունեցող երկրներն էին Հունաստանը, Սինգապուրը, Հորդանանը և Չեխիան՝ 1-ական մասնակից։

Մարզիկները մրցանակային տեղերի համար պայքարել են 19 մարզաձևում։ Մրցումները սպասարկել են շուրջ 500 մրցավարներ, այդ թվում աշխարհի 7 երկրներից։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ամենաշատ մեդալները բաժին են հասել Երևանի պատվիրակներին։ Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 15 պետությունների 48 քաղաքներ։

Ինչպես 2019 թվականին, այս անգամ էլ խաղերի կայացմանն իրենց աշխատանքով մեծապես աջակցեցին կամավորները։ Շուրջ 2000 կամավորներ հյուրերին օգնում էին օդանավակայանում, սահմանային անցակետերում, մարզադահլիճներում, բացման և փակման արարողության ժամանակ՝ ամենուր:

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել էին օգոստոսի 5-ին Գյումրիում։

Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվել է Համահայկականի դրոշը, մարվել է համահայակական ամառային 8-րդ խաղերի ջահը։