ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Առաջին ալիքն Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում կազմակերպել է զբոսաշրջային և երաժշտական փառատոն, որին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը միջոցառումը համարել է հաջողված. «Շատ հաջողված միջոցառում է, ինչի մասին վկայում է քաղաքում տիրող աշխուժությունը: Մշակույթը մեր հասարակության կյանքում պետք է շատ լինի, և այս փառատոնը հասարակությանը մշակույթի այս ճյուղին հաղորդակից դարձնելու ձև է: Ուրախալի է հատկապես այն, որ այսօր Գավառն ուշադրության կենտրոնում է ոչ միայն քաղաքի, այլև հանրապետության այլ համայնքների բնակիչների համար ևս»։ Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի գնահատմամբ՝ միջոցառումը լայն հնարավորություն է նաև համայնքում զբոսաշրջությունը զարգացնելու և տեղական արտադրանքն ու տարածքային առանձնահատկությունները հանրահռչակելու տեսանկյունից: Այցի շրջանակում Ալֆրեդ Քոչարյանն այցելել է նաև Գավառի մշակութային հաստատություններ՝ Երկրագիտական թանգարան, քաղաքային գրադարան, Լևոն Քալանթարյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Նախարարի տեղակալը ծանոթացել է մշակութային հաստատությունների պայմաններին, գործունեությանը, խնդիրներին:

«Պետք է ընդգծեմ, որ թատրոնը շատ լավ պայմաններ ունի, ինչը համայնքի մշակութային կյանքը զարգացնելու, նոր ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է: Հաստատությունների ղեկավարների հետ քննարկել ենք ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նշենք, որ երաժշտական փառատոնի շրջանակում քաղաքի կենտրոնում ելույթ են ունեցել Գեղարքունիքի մարզի տեղացի արտիստները և հյուր արտիստներ Երևանից, ինչպես նաև Առաջին ստուդիա Kami Friends-ը։