ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում այսօր տարաբնույթ միջոցառումներով նշվել է Երիտասարդների միջազգային օրը: Այն այս տարի կրել է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը:
Միջոցառումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Նոննա Սկաուն, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդներին միջազգային օրվա կապակցությամբ՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը էկոլոգիական միջավայրի պահպանման, մարտահրավերների դիմագրավման գործում:
Փոխնախարարը կոչ է արել երիտասարդներին լինել նախաձեռնող, ստեղծարար և չվախենալ համարձակ գաղափարներից. «Դուք եք նոր փոփոխությունների առաջամարտիկը: Մի՛ վախեցեք նոր գաղափարներից, եղե՛ք ստեղծարար, զարգացրե՛ք ձեր համայնքը՝ շարունակաբար կրթվելով ու նոր հմտություններ ձեռք բերելով: Լավ քաղաքացի լինելու համար պետք է պարզապես սիրել հայրենիքը՝ ցանկացած ոլորտում առաջնորդվելով պետականամետ մտածողությամբ՝ նպաստելով հանրային բարօրությանը»:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես մեծացնում է երիտասարդների կարողությունների զարգացման և ինքնիրացման հնարավությունները՝ խրախուսելով նրանց մասնակցությունը տարբեր ծրագրերին:
Օրվա շրջանակում Մեծամոր համայնքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարպետության դասեր, սպորտային-ժամանցային մրցույթ, երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ, քաղաքականության վերաբերյալ իրազեկման արշավ, ինտերակտիվ խաղ, աշխատարաններ՝ երիտասարդության մասին օրենքի, երիտասարդական աշխատողի, երիտասարդական ոլորտում աջակցության մասին թեմաներով՝ ապահովելով ներառականությունը։
Մեծամորցի երիտասարդները մեծ ոգևորությամբ են մասնակցել միջոցառումներին՝ նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման ակնկալիքով: Նարեն, որ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է, մասնակցել է «Բատիկա» վարպետության դասին: «Ինձ համար նոր ոլորտ էր: Որոշեցի մասնակցել՝ հասկանալու համար արվեստի այդ ճյուղի նրբությունները: Ընթացքը և արդյունքը շատ հետաքրքիր էին»,- տպավորություններով կիսվել է Նարեն: Իսկ «Սթրիթ Արթ» վարպետության դասի ղեկավարը՝ Արեգ Բալայանը՝ որպես մասնագետ, կարևորել է իր նկարչական հմտությունների փոխանցումը պատանիներին և երիտասարդներին, նրանց շրջանում հետաքրքրության մեծացումը և նրանց արվեստով վարակելը:
Միջոցառումներն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծամորի երիտասարդական խորհրդարան ՀԿ-ն, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն, «The body shop»-ը, «Մունետիկ» մանկապատանեկան մշակութային ՀԿ-ն և Մեծամորի համայնքապետարանը։