Ստամբուլում ավարտվել է ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը մեկնել էր 9 ըմբիշով, իսկ ազատ ոճային թիմը՝ 10 ըմբիշով:

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները 1-ական արծաթե և 3-ական բրոնզե մեդալով են վերադարձել մրցավայրից:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ի փոխչեմպիոն է դարձել 51 կգ քաշային Արթուր Բրոյանը: Իր ճանապարհին Բրոյանը հաղթել էր իրանցի, ղրղզ և հնդիկ ըմբիշներին, իսկ եզրափակչում 0:9 հաշվով պարտություն էր կրել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլիա Կանդալինից:

45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 48 կգ քաշային Էդգար Պետրոսյանն ու 80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը բրոնզե մեդալներ են նվաճել: Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի Նիկա Ցեցխլաձեի նկատմամբ։ Պետրոսյանը բրոնզի համար պայքարում 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր գերմանացի Իվան Սեիբելին: Տեր-Մաթևոսյանը բրոնզի համար նախ սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել՝ 8:4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Էլմին Ալիևին, իսկ արդեն բրոնզի համար գոտեմարտում 8:2 հաշվով առավելության էր հասել հույն Էլեֆտերիոս Պապասի նկատմամբ:

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ում փոխչեմպիոն է դարձել 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը: Եզրափակչում նա 0:11 հաշվով պարտություն էր կրել իրանցի Ֆարհադ Խաթերիից: 51 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը բրոնզե մեդալներ են նվաճել:

Այս մրցաշարին Հայաստանի հավաքականները Ստամբուլ էին մեկնել հետևյալ կազմերով՝

Հունահռոմեական ոճ

  • 45 կգ՝ Յուրիկ Մխիթարյան
  • 48 կգ՝ Էդգար Պետրոսյան
  • 51 կգ՝ Արթուր Բրոյան
  • 55 կգ՝ Յուրի Կարապետյան
  • 60 կգ՝ Սամվել Տերտերյան
  • 65 կգ՝ Պետրոս Աշկարյան
  • 71 կգ՝ Գոռ Խաչատրյան
  • 80 կգ՝ Էրիկ Տեր-Մաթևոսյան
  • 92 կգ՝ Գրիշա Ոսկանյան

Ազատ ոճ

  • 45 կգ՝ Գոռ Բունիաթյան
  • 48 կգ՝ Միհրան Սլոյան
  • 51 կգ՝ Սաշա Պետրոսյան
  • 55 կգ՝ Սամվել Գևորգյան
  • 60 կգ՝ Արեն Հայրապետյան
  • 65 կգ՝ Վլադիմիր Ազարյան
  • 71 կգ՝ Նարեկ Նիկողոսյան
  • 80 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան
  • 92 կգ՝ Վարուժան Հովհաննիսյան
  • 110 կգ՝ Հենրիկ Հայկյան