ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Որպես դասընթացավարներ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև՝ իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող անձանց համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝

  • գործող երիտասարդական կենտրոնների աշխատողները,
  • մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,
  • երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցներ կամ կամավորներ
  • սոցիալական աշխատողները, մշակույթի տան կամ գրադարանի աշխատողները, որոնց աշխատանքը գործնականում ի պաշտոնե կամ փաստացի ուղղված է երիտասարդության ներուժը բացահայտելու և իրացնելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։

Դասընթացն իրականացվելու է երեք փուլով՝

  • առաջին փուլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-8,
  • երկրորդ փուլ՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-8,
  • երրորդ փուլ՝ 2023 թվականի նոյեմբերի 6-8:

Փուլերի միջև ընկած ժամանակահատվածում դասընթացի մասնակիցների հետ անհատական աշխատանքներ կիրականացնեն դասընթացավարները։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
  • երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձառությունը հավաստող տեղեկանք,
  • կամավորական աշխատանքի փորձառությունը հավաստող տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • հետաքրքրության նամակ՝ ըստ կից ներկայացվող ձևաչափի (առավելագույնը՝ 200 բառ):

Դասընթացի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է Նախարարության կողմից, և դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին առավելապես համապատասխանող թեկնածուները։

Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ:

Հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ՝ youth@escs.am էլեկտրոնային փոստին:

Դասընթացի ավարտին տրվում է վկայական։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ավարտական վկայական կստանան այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն եռափուլ դասընթացի 80%-ին և կկատարեն անհատական աշխատանքների 80%-ը:

Դասընթացն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի ««Երիտասարդական աշխատանք» վերապատրաստման լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը՝ որպես լրացուցիչ կրթության փորձնական մոդուլային ծրագիր հաստատելու մասին» N 2496-Ա/2 հրամանի, ինչպես նաև՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման ուղեցույցը հաստատելու մասին» N 2502-Ա/2 հրամանի։

Դասընթացն իրականացվում է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի կազմակերպման նպատակով հայտարարված գնանշման հարցման ընթացակարգով հաղթող ճանաչված կազմակերպության կողմից։