Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին, իսկ եզրափակչում 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին։ Հովհաննիսյանի նվաճած մեդալն առաջինն էր Հայաստանի հավաքականի համար՝ ԱՊՀ խաղերում։

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները՝ երկու մեդալով։
Օգոստոսի 5-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է նաև ԱՊՀ 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մարզիկների շքերթին մասնակցել են 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը եղել է աթլետ Ալեն Բաղումյանը:

ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: