Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) տեղի է ունեցել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» («ԴՍԵԲ») հիմնարկի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը:

Այն վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ որպես ղեկավար հանձնաժողովի նախագահ: Նիստին ներկա էր ԿԶՆԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, որպես հատուկ հյուր՝ հրավիրված էր ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն։

Հանդիպմանը «ԴՍԵԲ» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը ներկայացրել է «ԴՍԵԲ» հիմնարկի գործունեության 2023 թ. 2-րդ եռամսյակի հաշվետվությունները, ինչպես նաև «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի 6-րդ և 8-րդ դասարաններում փորձարկման մոնիտորինգի արդյունքները։ Քննարկվել են դպրոցամերձ ջերմատների և ինտենսիվ այգիների հետ կապված աշխատանքները, այդ թվում՝ գյուղատնտեսների ներգրավման և խմբակների գործարկման համատեքստում։

Հաշվետվության ընթացքում նշվել է, որ մարզպետարանների հետ համագործակցությամբ թարմացվել է դպրոցական ճաշացանկը, և մշակվել են մեթոդական ուղեցույցներ։ Նախատեսվում է պիլոտային ծրագիր՝ մի քանի դպրոցներում 5-րդ դասարանից բարձր աշակերտների համար վճարովի ճաշարաններ ունենալու և դրանք համապատասխան ուղեցույցներով աշխատացնելու հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է բոլոր դպրոցների՝ չոր սննդից տաք սննդի անցման անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ նա առաջարկել է կատարել վերլուծություն և ներկայացնել, թե քանի դպրոցում ներդրված չէ տաք սննդի համակարգը: Ըստ նրա՝ կարիքի գնահատումից հետո կքննարկվեն համապատասխան պայմաններ և տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունները՝ տվյալ դպրոցներում ևս ապահովելու տաք սնունդ: Արաքսիա Սվաջյանը նշել է Երևանում ևս «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրման ու հետագա քայլերի պլանավորման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում որպես հաշվետվություն՝ ներկայացվել են Տավուշում կատարված մշտադիտարկման արդյունքները. այդ նպատակով այցելություններ են եղել շուրջ 500 դպրոց: Սեպտեմբերին գործընթացը կշարունակվի: Առաջարկվել է կատարել մշտադիտարկման համակարգի փոփոխություն: Արդեն իսկ հաստատվել է մշտադիտարկման ուղեցույցը, որը, ըստ առաջարկի, պետք է դառնա էլեկտրոնային կառավարման մաս: Մշակվել են նաև ձեռնարկներ՝ դպրոցական այգեպանների համար: Նախատեսվում են վերապատրաստումներ տարբեր ուղղություններով՝ թե՛ խոհարարների, թե՛ տնօրենների համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվելու դասղեկների հետ:

Դպրոցներում նաև կազմակերպվում են ինտերակտիվ ներկայացումներ առողջ սննդի մասին: Առաջին ներկայացումը տեղի է ունեցել Աշտարակի թիվ 4 դպրոցում:

Նշվել է, որ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի՝ 6-րդ և 8-րդ դասարաններում փորձարկումը դրական է ընդունվել դպրոցներում, ինչի արդյունքում տարեցտարի ծրագիրը կկատարելագործվի:

Դպրոցամերձ ջերմատների և ինտենսիվ այգիների վերաբերյալ կարևորվել է ոլորտում օրենսդրական կարգավորում ունենալու անհրաժեշտությունը, ինչը զգալիորեն կհեշտացնի գործընթացը:

Նիստի ավարտին որոշվել է առաջարկները քննարկել աշխատանքային կարգով և ընթացք տալ` ըստ անհրաժեշտության:

Նիստի մասնակիցներն արված աշխատանքների հաշվետվությունները գնահատել են գոհացուցիչ և հաստատել դրանք: