ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը:

Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստանի» հետ համատեղ, Հայաստանը մրցույթ-նախագծով կմիանա միջազգային այս նախաձեռնությանը։ Նախագիծն ունի երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։

«Պաշտպանելով կենսունակ ժառանգությունը» խորագրով լուսանկարչական մրցույթը տեղի կունենա կոնվենցիայի համակարգողների եվրոպական ցանցի (European Network of Focal Points) նախաձեռնությամբ:

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին առնչվող լուսանկարները` հակիրճ նկարագրությամբ, անհրաժեշտ է վերբեռնել Վիքի հարթակում կամ ուղարկել intangibleheritage22@gmail.com էլեկտրոնային փոստին՝ մինչև սեպտեմբերի 15-ը։

Ընտրված լավագույն 5 լուսանկարը կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի համակարգողների խմբին, իսկ արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի մինչև հոկտեմբերի 17-ը։

Նախագծի խմբագրական մրցույթի նպատակը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Վիքիպեդիայում նյութերի մուտքագրումն է, տարածումն ու հանրայնացումը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ Վիքիպեդիայում տեղադրել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայերեն և անգլերեն հոդվածներ։

Հոդվածներ խմբագրելու և լուսանկարներ վերբեռնելու գործում մասնակից կամավորներին աջակցելու նպատակով Վիքիմեդիա Հայաստանը կանցկացնի մեկօրյա դասընթաց։ Ծրագիրը կամփոփվի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում` շնորհակալագրերի հանձնմամբ։

Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել՝ գրելով intangibleheritage22@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ թանգարանի ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/cpc.arm

Նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ Վիքիպեդիայի էջում հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/yr9mrdps