ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում անցկացվել է «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացրել է «Մունետիկ» Հ/Կ-ն՝ Իջևանի քաղաքապետարանի համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն էր երեխաներին ծանոթացնել կերպարվեստի երկու ուղղություններին՝ բատիկային և ապակենկարչությանը, սովորեցնել դրանց ստեղծման նորարարական տեխնիկաներն ու առանձնահատկությունները։
Բատիկայի և ապակենկարչության վարպետաց դաս-հանդիպում են անցկացրել արվեստագետներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները: Քույր արվեստագետները ծրագրի մասնակիցներին են փոխանցել բատիկայի և ապակենկարչության գաղտնիքներն ու հմտությունները: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են ապակենկարչության և բատիկայի հրաշալի աշխատանքներ: Հաջորդիվ՝ բոլոր աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում:
Նշենք, որ «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր մարզերի 18 շնորհալի երեխա՝ երկու հերթափոխով: Ամեն հերթափոխը տևել է 10 օր, յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկված է եղել 9 մասնակից: Ծրագրի ողջ ընթացքում իրենց գործուն մասնակցությունն են ունեցել նաև տեղացի և մյուս մարզերի կամավորները:
Ծրագրի ընթացքում իրականացվել են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, բաց դասեր՝ հրավիրված մասնագետների մասնակցությամբ: Իրականացված տարբեր միջոցառումներին մասնակցել է նաև Իջևան քաղաքի շուրջ 70 շնորհալի երեխա:
Տեղեկացնենք, որ 2023 թ. հոկտեմբերին «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը կկայանա նաև Երևանում՝ Նարեկացի արվեստի միության ցուցասրահում: