Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Նրանք հանդես են գալիս Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Նշենք նաև, որ առանձին վարժություններում հայ մարմնամարզիկները եզրափակչի ուղեգիր են նվաճել: Մասնավորապես՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակիչ են դուրս եկել նժույգթափերի և օղակների, իսկ Ռոբերտ Գյուլումյանը՝ ազատ վարժություններում:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են նաև հեծանվորդներ Անի Գյոզալյանը, Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը, լողորդներ Անահիտ Մուրադյանը և Սամվել Կարապետյանը, աթլետներ Սոֆիա Ջավախյանը, Վահե Արզումանյանը, ձյուդոիստներ Մհեր Օհանյանը, Ռազմիկ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Անդրեյ Անդրեյանը, Հայկ Դարբինյանը, Սեյրան Սարուխանյանը, Սյուզաննա Մանուկյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Մարիետա Բուչախչյանը:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը կտևի մինչև հուլիսի 29-ը: