ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական՝ 13-րդ նիստը:
Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 10 էսքիզային նախագծեր:
Խորհրդի կողմից միաձայն հավանության են արժանացել պետության կողմից պատվիրված՝ ՀՀ Լոռու մարզի «Լոռի բերդ» միջնաբերդի բաղնիքի՝ հանրապետական նշանակության հուշարձանի ամրակայման, վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման և ՀՀ Տավուշի մարզի «Տավուշ ամրոցի», Սբ Սստվածածին եկեղեցու՝ հանրապետական նշանակության հուշարձանի ամրակայման, վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման էսքիզային նախագծերը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից հավանության է արժանացել նաև Երևան քաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների նախագիծը, իսկ Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտա հ. 1/4 հասցեում՝ հուշարձանների պահպանության գոտում գտնվող այգու բարեկարգման և սրճարանի վերակառուցման լրամշակված էսքիզային առաջարկը մերժվել է: Քննարկվել է նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ամրակայման աշխատանքների էսքիզային նախագիծը, որն ընդունվել է: