ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում հուլիսի 21-23-ը անցկացվել են Եվրոպայի վոլեյբոլի Մ22 տարեկան տղամարդկանց Ե ենթախմբի առաջնության հանդիպումները։ Երևանում անցկացված մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է նախ Պորտուգալիայի, ապա Դանիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ, սակայն երեք խաղում էլ պարտություն է կրել՝ չկարողանալով հաղթահարել ենթախմբի արգելքը:

Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքական թիմերը մրցաշարի արդյունքներով իրավունք են ստացել մասնակցելու 2024 թվականին Նիդերլանդներում կայանալիք Եվրոպայի Մ22 տարեկան տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին։ Ֆրանսիան ենթախմբի արգելքը հաղթահարել է առաջին հորիզոնականով, իսկ Պորտուգալիան՝ որպես երկրորդ լավագույն արդյունք ցույց տված թիմ:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ առաջնությունը կազմակերպչական առումով անցել է բարձր մակարդակով. «Ունեցանք մեծ թվով հանդիսականներ. 500 նստատեղ և բոլորը՝ զբաղված: Եվրոպական ֆեդերացիայի՝ տեխնիկական գծով պատվիրակը շատ բարձր գնահատեց մեր աշխատանքը: Երևանում էր նաև Եվրոպական ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահը. բոլորի գնահատականը շատ դրական էր: Մենք էլ մեր կողմից կարողացանք անել ամեն ինչ, որպեսզի առաջնությունն անցնի բարձր մակարդակով: Առաջնությանը շուրջ 60 պատանի կամավորներ էին հավաքագրված, և ունեինք մեծ կազմկոմիտե»:

Նշենք՝ Երևանում անցկացված մրցաշարում միջազգային 4 մրցավար է աշխատել՝ Շոտլանդիայից, Իտալիայից, Իսրայելից և Լեհաստանից:

Ասմարյանի գնահատմամբ՝ Հայաստանի հավաքականն ի զորու էր ավելի լավ արդյունք գրանցել. «Ցանկանում էինք ավելի լավ հանդես գալ: Հատկապես Դանիայի հետ խաղում մերոնց մի փոքր չհերիքեց հաղթանակի համար: Ամեն դեպքում, չենք ընկճվում և անելու ենք ամեն ինչ հետագայում հաջողություններ գրանցելու համար»:

Օրեր անց Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը կմեկնի Վրաստան՝ Թբիլիսիում մասնակցելու Եվրոպայի առաջնության արևելյան գոտու մրցումներին: Մյուս տարիքային թիմերն օգոստոսի սկզբին կմեկնեն Բելառուս՝ ԱՊՀ երկրորդ խաղերին: