Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Այս տարի ՀՌՀ-ն ավարտել է 690 ուսանող։

Դիպլոմների հանձնման արարողությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020 թ. պատերազմին նահատակված ՀՌՀ-ի ուսանողների։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և նշել, որ ՀՌՀ-ն Հայաստանի Հանրապետության, հայ-ռուսական հումանիտար համագործակցության շրջանակներում իրապես ամենահաջողված ծրագրերից է, որտեղ իրենց ուրույն դերը ունեն այստեղ ուսումնառություն ստացած բոլոր շրջանավարտները։

«Հայ-Ռուսական համալսարանն ապահովել է ձեր մասնագիտական ճանապարհի ամուր հենքը՝ համալրելով անհրաժեշտ գիտելիքով, հմտություններով, վստահաբար նաև արժեքներով, որոնք սկիզբ կդնեն ապագա միջավայրում ձեր հստակ կողմնորոշմանը և զարգացմանը։ Այս համալսարանի ստեղծումն իսկապես խիստ հաջողված փորձ է որակյալ կրթության ապահովման գործում։ Համալսարանն այսօր, իրավամբ, ծառայում է որպես կրթական, հետազոտական և մշակութային գործունեության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման լավագույն հարթակներից մեկը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն այս համալսարանի գործունեության կազմակերպմանը և բարելավմանը ուղղված ջանքերի և շարունակական աջակցության համար»,- իր ելույթում ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Շրջանավարտներին շնորհավորել է նաև

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը. «Այն ամենն, ինչ կապված է մեր հեղինակության, համալսարանի և մեր ապագայի հետ, կապված է ձեզ հետ, որովհետև դուք մեր ազդեցության գործակալներն եք ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Դուք ստացել եք ձեր գիտելիքն ու հմտությունները երկու մեծագույն՝ հայկական և ռուսական մշակույթների և կրթական համակարգերի հենքի վրա։ Բայց ավարտելը դա վերջը չէ, այլ սկիզբն է միայն։ Դիպլոմը՝ որպես տեղեկատվական ազդակ, ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում»։

ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ունեն կամք զարգացնելու Հայ-Ռուսական համալսարանը։

«Այսօր հրաշալի տոն է․ Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոն է։ Սիրելի շրջանավարտներ, այս տոնը մի քիչ տխուր է ձեզ համար։ Դուք հրաժեշտ եք տալիս համալսարանին, որում այդքան շատ բան եք տեսել։ Եվ թող բուհը, որը ձեզ տվել է գիտելիքներ, արժեքներ, ընկերություն, սեր, միշտ մնա ձեզ հետ։ Հիմա, երբ հնչում էր Ռուսաստանի Դաշնության պետական հիմնը և դահլիճը երգում էր ՌԴ հիմնը, ես զգացի, որ դուք սիրում եք Ռուսաստանը։ Եվ Ռուսաստանը սիրում է ձեզ․ հենց սա է միասնության զգացողությունը։ Կյանքի ընթացքում Ձեզ միշտ ուղեկցելու է այս մրցակցային առավելությունը՝ ռուսական և հայկական կրթությունները։ Պատահական չէ, որ այսօր այս արարողությանը եկել են երկու փոխնախարարները։ Մեր գալով, մեր խոսքերով մենք ցանկացանք ցույց տալ, թե որքան կարևոր է մեզ համար Հայ-Ռուսական համալսարանը, որքան ենք հարգում ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին։ Թող բոլորը նախանձեն ՀՌՀ-ի շրջանավարտներին, քանի որ ձեզ իսկապես սպասում են աշխատաշուկայում, շատերն արդեն գտել են իրենց մասնագիտության մեջ։ Եվս մեկ անգամ շնորհավոր»,- նշել է նա՝ իր ելույթն ավարտելով հայերենով, ինչն արժանացել է բուռն ծափահարությունների դահլիճում։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձն ընթերցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Մարիա Կորոտինան։

«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի բաղձալի դիպլոմները ստանալու կապակցությամբ: Ուսումնառության ընթացքում դուք անցել եք իմացության երկար ճանապարհ, որը լի էր ստեղծարարությամբ և հետաքրքիր բացահայտումներով: Մաղթում եմ, որ չբավարարվեք ձեռք բերածով, շարունակեք կատարելագործվել կյանքի ընթացքում՝ անկախ ձեր գործունեության բնագավառից: Ինչ ճանապարհ էլ, որ ընտրեք, միշտ եղեք նպատակասլաց և ջանասեր, հավատացեք ձեր ուժերին և կարողություններին, մի վախեցեք դժվարություններից, նոր բարձունքներ նվաճեք, երազեք և ի կատար ածեք ձեր երազանքները։ Հուսով եմ, որ ստացած գիտելիքները և հմտությունները կօգնեն ձեզնից յուրաքանչյուրին ոչ միայն հաջող կարիերա կառուցել ձեր ընտրած մասնագիտությունում, այլև արժանի ներդրում ունենալ ձեր երկրի ապագայի մեջ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և շարունակական հաջողություններ»,- նշված էր ՀՀ-ում ՌԴ դեսպանի շնորհավորական ուղերձում։