ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բանակային խաղերի կազմկոմիտեի հետ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության էր արժանացրել 43 միլիոն դրամի չափով բյուջեում վերաբաշխում կատարելու որոշումը՝ Բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով:
2023 թվականի օգոստոսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և Պաշտպանության նախարարության մարզաբազաներում կանցկացվեն Բանակային խաղեր՝ ուժային և իրավապահ կառույցների թիմերի մասնակցությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խորհրդակցության սկզբում թվարկել է մրցաձևերը՝ բանակային քառամարտ, ռազմականացված կրոսավազք (փոխանցումավազք), կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից: Թիմերը պետք է բաղկացած լինեն 15 հոգուց՝ 5 կին և 10 տղամարդ մարզիկ:
«Բոլորդ տեղեկացված եք խաղերի մասին: Մենք հիմա պետք է սկսենք թիմերի գրանցումը, կորոշենք մրցավարական հանձնաժողովի կազմը, գլխավոր մրցավարին: Այս ամենից հետո թիմերը պետք է սկսեն հայտագրումը՝ սահմանված կարգի համաձայն», - խորհրդակցության սկզբում նշել է Կարեն Գիլոյանը:
Մրցաշարի գլխավոր մրցավար է ընտրվել ՊՆ ներկայացուցիչ Արման Դավթյանը:
Քննարկվել են կազմկոմիտեի և կանոնակարգային մի շարք հարցեր՝ հստակեցնելու փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը:
Կարեն Գիլոյանը շեշտել է, որ արդեն հայտարարված է մրցաշարի կազմակերպման մրցույթը, համաձայնեցված է նաև թիմերի կեցության հարցը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ, որը մրցաշարն ընդունող կառույցներից է:
Հիշեցնենք, որ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ:
Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ: