Հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ (TAIEX) տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում կայացել է առցանց քննարկում։ Այն նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը, եվրոպական լավագույն փորձի փոխանակմանը և «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում խորհրդատվության տրամադրմանը:

Առցանց հանդիպումը մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի բացման խոսքով։ Նա ներկայացրել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքը, ոլորտում առկա հիմնախնդիրները և կարգավորումները: Հանդիպմանը մասնակցել են նախարարության՝ թանգարանների ոլորտը համակարգող մասնագետները, թանգարանների տնօրեններ, ոլորտի մասնագետներ և փորձագետներ, ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի անդամներ:

Փորձագիտական առաքելության շրջանակում ներգրավված էին Մարիա Պինա Էգիդին (Իտալիա) և Մարիա Անջելես Մարտինես Մինգեզան (Իսպանիա) ։ Փորձագետները 2-օրյա քննարկումների ընթացքում ներկայացրել են Իտալիայի և Իսպանիայի՝ թանգարանների ոլորտում օրենսդրական դաշտի զարգացման միտումները, թանգարանների ստեղծման, ֆինանսավորման, հավաքածուների կառավարման ինստիտուցիոնալ և իրավական կարգավորումները:

Հանդիպումներն ընթացել են ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով:

Նշենք, որ թանգարանների ոլորտը կանոնակարգող օրենքի նախագծի ընդունման դրույթն ընդգրկած է 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

«TAIEX»ը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվական փոխանակման գործիք է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին ԵՄ օրենսդրության կարգավորման, կիրառման հարցերում, ինչպես նաև նպաստում է լավագույն փորձի փոխանակմանը և տրամադրում համապատասխան փորձաքննություն խնդիրները լուծելու ուղղությամբ: