ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Կյանքը ափի մեջ» խեցեգործական և մանրանկարչական հմտությունների փոխանցում» ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով:

Ցուցադրությունը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար բացված խեցեգործության «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանում:

Ծրագիրն իրականացվել է «Գոյ» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ: Նախագծի ընթացքում դասավանդվել են ոչ նյութական մշակութային ժառանգության երկու ուղղություններ՝ խեցեգործություն և մանրանկարչություն: Մանրանկարչության 20 և խեցեգործության 7 եռամսյա դասընթացներին մասնակցել է 15 շահառու: Մանրանկարչության դասընթացին մասնակիցները սովորել են հայկական մանրանկարչական գծագրում, գունադրում, գունազարդում: Նրանք ծանոթացել են հայկական զարդանախշերի և գծանախշերի պատմությանը, խորհրդին ու իմաստաբանությանը, ինչպես նաև տիրապետել են թղթի, կերամիկայի և մագաղաթի վրա նկարելու հմտություններին ու տեխնիկային: Խեցեգործական հմտությունների փոխանցման դասընթացներին տարբեր տեխնիկաների կիրառմամբ ծրագրի անդամները պատրաստել են կավե ափսեներ, սալիկներ, դեկորատիվ իրեր և զարդեր, ինչպես նաև հղկել են այդ իրերը, նկարել, գունազարդել և ջնարակել:

Դասընթացներին ուսուցողական հոլովակներ են պատրաստվել, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3dm3wtds:

Ծրագրի նպատակն էր Կիլիկյան և Արցախ-Ուտիք մանրանկարչական դպրոցների շեշետադրմամբ ձևավորել մանրանկարված խեցե սպասքի և դեկորատիվ կիրառական առարկաների նոր դպրոց, բրենդավորել վերջինիս արտադրանքը, ապահովել տեղահանված արցախցի արվեստագետներին ստեղծագործական ինքնարտահայտման հարթակով և իրենց կարողությունների փոխանցման համապատասխան միջավայրով: