ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքում գտնվող քաղաքատեղի «Արտաշատ» հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից 2006 թ. օտարված և սեփականաշնորհված 6,0 հեկտար մակերեսով հողամասերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 841-Ն որոշում):
ՀՀ կառավարության նոր որոշումը նպաստելու է պատմական մայրաքաղաքի տարածքի միավորմանը՝ հնարավորություն տալով այն օգտագործել իր սկզբնական և մշակութային նշանակությամբ: Կապահովվեն պատմական մայրաքաղաքի գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով օգտագործումը, հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը։
Ներկայում ընթանում են միջոցառումներ՝ տարածքի գնահատման և փոխհատուցման համար տրամադրվելիք գումարների ճշտման ուղղությամբ: Այս գործընթացից հետո հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը՝ հանրության գերակա շահ ճանաչված հատվածները ևս արգելոցի սահմաններում ընդգրկելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 418-Ն որոշմամբ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը: Պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցն ընդգրկում է 5.85195 հա տարածք:
Արգելոցի տարածքն ամբողջացնելու համար իրականացվում են նաև այլ աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով չափագրվում է քաղաքատեղի «Արտաշատ» մայրաքաղաք-հնավայրի ամբողջ տարածքը։