ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողներին ըստ ոլորտների տրամադրվող կրթական մրցանակների շնորհման կարգի նախագիծը:

Գործող կարգի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք դժվարություններ են առաջացնում մրցույթի անցկացման ընթացքում: Հաշվի առնելով ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունները՝ առավել նպատակահարմար է համարվել նախորդ որոշումն ուժը կորցրած ճանաչել և հաստատել նորը:

Նախագծի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Առաջնային է համարվում նաև նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել նրանց մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է մրցույթի անցկացման գործընթացը. նախկինում հանձնաժողովի որոշմամբ կարգավորվող հարցերը ըստ նոր նախագծի կարգավորվում են Կառավարության որոշմամբ՝ բացառելով երկակի չափանիշների կիրառումը:

Կրթական մրցանակին կարող են հավակնել ՀՀ բուհերի առկա ուսուցմամբ սովորող, առաջին կուրսն ավարտած (մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում առաջին կիսամյակն ավարտած), ուսումնառության արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 տոկոսը հաղթահարած այն ուսանողները, որոնք ուսումնական տարվան նախորդող երեք տարվա ընթացքում մասնակցել են՝

  • ներկայացված ոլորտների հանրապետական կամ միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների և ունեցել զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ,
  • հանրապետական կամ միջազգային առարկայական կամ ուսանողական օլիմպիադաների և դարձել մրցանակակիրներ,
  • հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաների և դարձել մրցանակակիրներ,
  • արվեստի գծով կազմակերպվող հանրապետական կամ միջազգային միջոցառումների և ունեն մրցանակներ,
  • հանրապետական մարզական մրցաշարերին կամ տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին և զբաղեցրել են մրցանակային տեղեր,
  • ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, կամավորական աշխատանքների, սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերին:

Նախագծով սահմանված է՝ մրցույթին չեն մասնակցում ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» N 675-Ն որոշման դրույթների համաձայն տվյալ ուսումնական տարում անվանական կրթաթոշակ ստացած ուսանողները:

Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից:

Մրցանակների անվանակարգերը սահմանվում են ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների» ցանկին համապատասխան:

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով և մագիստրոսի կրթական աստիճանով սովորողների մրցույթներն անցկացվում են առանձին՝ ըստ անվանակարգերի:

Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը՝ մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը հաստատում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ հիմք ընդունելով պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները: Մրցույթի արդյունքներն հաստատվում են մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը:

Բուհերը սույն նախատեսված գնահատման չափանիշներին համապատասխան, ամփոփում են ներբուհական մրցույթի արդյունքները և մինչև տվյալ տարվա մարտի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են ներկայացնում յուրաքանչյուր ոլորտում հաղթող ճանաչված 1 մասնակցի թեկնածություն: Յուրաքանչյուր ուսանող տվյալ ուսումնական տարում մասնակցում է միայն 1 անվանակարգի մրցույթի:

Մրցույթն իրականացնում է մրցութային հանձնաժողովը, որի անհատական կազմը հաստատում է ԿԳՄՍ նախարարը:

Հանձնաժողովի 7 անդամից 3-ը նախարարության, 3-ը բուհերի և 1-ը ուսանողության ներկայացուցիչներ են:

Քաղաքացիները և շահագրգիռ կառույցները ներկայացված նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները կարող են ներկայացնել մինչև հուլիսի 27-ը: