Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սաներ Արեգ Բարսեղյանը, Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը։

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանը և Հրանտ Թոփչյանը։

Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով։

Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 52-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի։

Լրացուցիչ նյութեր՝

Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://ipho2023.jp/en/