Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի[1] վերաբերյալ:
Բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է`
- գիտելիքի ազատ շրջապտույտի ապահովման, միջգիտակարգային կապերի խթանման և ստեղծարար միջավայրի ձևավորման նպատակով,
- բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովման (ուսանողների ներգրավում գիտական և նորարարական գործընթացում, ինչպես նաև գիտնականների և հետազոտողների ներգրավում կրթական գործընթացներում) անհրաժեշտությամբ,
- Հայաստանի բուհական և հետազոտական համակարգի միջազգային մրցունակության և գրավչության բարձրացման հրամայականով,
- կրթության ժամանակակից ֆիզիկական և վարչաիրավական միջավայրի ձևավորման, ինչպես նաև կրթական ծրագրերի առկա կրկնորդումների բացառման անհրաժեշտությամբ,
- ոլորտի ընդհանուր մրցունակության բարձրացման նպատակով բուհական կրթությանը վերաբերող պետական համընդհանուր նոր ստանդարտների ձևավորման անհրաժեշտությամբ,
- բուհական և գիտահետազոտական համակարգի սոցիալ-տնտեսական ազդեցության բարձրացման հրամայականով, այդ թվում՝ առևտրայնացման և կիրառական մեծ պոտենցիալ ունեցող մշակումների իրականացմամբ, հավելյալ արժեք ստեղծելու ընդունակ մարդկային կապիտալի ձևավորմամբ ու զարգացմամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական ու առաջանցիկ զարգացման և պաշտպանունակության բարձրացման:
ՀՀ վարչապետի 2022 թ. 1314-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել են բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման հետևյալ ուղղությունները`
- Դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունների՝ ներառյալ բնագիտական, հասարակական և հումանիտար բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
- Բժշկական, որում ներառվելու են բժշկական և կյանքի գիտությունների բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
- Տեխնոլոգիական, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր՝ ներառյալ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները և այլն:
- Կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
- Արվեստների, որում ներառվելու են արվեստների ուղղություններով (ինչպես տեսական, այնպես էլ կիրառական), ինչպես նաև մշակութաբանության մասնագիտություններով կրթական և գիտահետազոտական ծրագրեր։
- Սպայական, որում ներառվելու են ներքին և արտաքին անվտանգային համակարգին վերաբերող կրթական ծրագրեր, ինչպես նաև անվտանգային և պաշտպանական բնույթի գիտահետազոտական ծրագրեր:
Բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է Ակադեմիական քաղաք ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն այդ հաստատությունների մեծ մասը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Այս ընթացքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի վերոնշյալ ուղղություններին համապատասխան խոշորացված բուհի առաջարկ, որը կներառի խոշորացվող բուհերի և միացող գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները, ինչպես նաև պլան-ժամանակացույցը, կարողունակությունների զարգացման ծրագրերի անհրաժեշտ ցանկը և հնարավոր գործընկեր միջազգային կազմակերպությունների ցուցակը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կկազմակերպի մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական աջակցություն, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետների ներգրավմամբ:
Նախատեսվում է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին:
Խոշորացված բուհերում և դրանց հետ միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը` էական շեշտադրում անելով հետազոտական բաղադրիչի ավելացման վրա, իսկ գիտական աշխատողների համար ստեղծվելու են մրցունակ հետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ:
Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների և մշակումների համալիր ծրագրերին, քանի որ խոշորացման արդյունքում համալսարանական կլաստերներն ունենալու են համապատասխան հետազոտությունների և մշակումների համար նյութատեխնիկական ամբողջական համալիր, ինչպես նաև փորձարկումների և նախատիպավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ` նպաստելով մշակումների տեխնոլոգիական պատրաստվածության առնվազն 6-րդ մակարդակի հաղթահարմանը:
Ենթակառուցվածքների համալրման և արդիականացման պետական ծրագրերի հիմնական մասն ուղղվելու է կլաստերների հզորությունների համալրմանը։
Կլաստերներում ուսանողների, ակադեմիական և օժանդակ անձնակազմի համար ապահովվելու են կեցության մատչելի և արժանապատիվ պայմաններ կամ բնակարանի ձեռք բերման արտոնություններ, ինչպես նաև կամպուսները հագեցած են լինելու կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ակտիվ և առողջ ժամանցի ենթակառուցվածքներով և թիրախային խմբի համար դրանցից օգտվելու հատուկ պայմաններով:
Գործընթացի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք դիմել lusine.grigoryan@hesc.am հասցեով։
Առաջարկները անհրաժեշտ է ուղարկել consolidation@hesc.am հասցեով։
Ներկայացված հայեցակարգային առաջարկները կքննարկվեն այդ նպատակով ձևավորված գնահատող մասնագիտական հանձնաժողովում, այնուհետև յուրաքանչյուր ուղղությանը համապատասխանող բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար կկազմվեն վերջնական հայեցակարգեր:
----------------------------------------------------------------
[1] Գործընթացի իրավական հիմքերը տրված են 2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին ՀՕ-441-Ն օրենքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 351-L որոշմամբ: