ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 29-րդ ուսումնական տարին եզրափակվել է առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի, գիտական խորհրդի անդամներ, ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտներ, ուսանողներ:

2022-2023 ուստարում ակադեմիան ավարտել է 187 շրջանավարտ, որոնցից 44-ը` գերազանցությամբ: Գերազանցության դիպլոմները հանձնել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:

Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել շրջանավարտներին և մաղթել հաջողություններ:

«Կառավարման ակադեմիան տարիներ շարունակ մեր կառավարման համակարգում կարևոր դերակատարություն է ունեցել: Հուսով եմ, որ վերջին երկու տարիներին, երբ արդեն նախկին ուսանողները կրթություն էին ստանում, վերջին փոփոխությունները դրական են ազդել նրանց կրթական բովանդակության վրա: Կառավարման լավ հմտություններ տալը և լավ հմտություններով օժտված մասնագետները պետության հիմքն են: Բայց, ցավոք, կառավարման վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք լավ մասնագետների մեծ պակաս ունենք: Անցյալում, ներկայում և ապագայում Կառավարման ակադեմիան այդ բացը լրացնելու կարևոր դերակատարություն է ունեցել, ունի, և, հուսով եմ, կունենա»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ ՀՀ ՊԿԱ-ն ԿԳՄՍ նախարարության կողմից օրերս ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում` 4 տարի ժամկետով:

«Մեր երկրի ապագան մենք տեսնում ենք կիրթ և ուսյալ հասարակություն ունենալու մեջ, հասարակություն, որը գնահատում և արժևորում է կրթության դերը: Այդ հասարակության մասն եք կազմում նաև դուք: Լիահույս ենք, որ դուք բոլորդ բարձր եք պահելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և ակադեմիականի անունը»,- եզրափակել է Խաչատուր Ղազեյանը: