ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվել է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը:
Մրցույթ-փառատոնին 12 անվանակարգում մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 140 արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 1700 մասնակից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին առաջատար մասնագետներ՝ Հայաստանից և Ֆրանսիայից:
Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենան հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Գալա-համերգին ելույթ կունենան 12 անվանակարգի «Մեծ մրցանակ» ստացած դափնեկիրները։
Մրցույթ-փառատոնի հիմնադիրներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը:
Նշենք, որ Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժշտական մրցույթ-փառատոնն իրականացվում է 2019 թվականից. 2023 թվականից այն անցկացվում է միջազգային կարգավիճակով: