ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Հովհաննիսյանը:
Ռիչարդ Հովհաննիսյանի հիմնարար աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը: Նրա՝ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը նվիրված քառահատոր արժեքավոր աշխատությունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլերեն և հայերեն հրապարակումներն էական ներդրում են հայոց պատմության բարդագույն խնդիրների հետազոտության և գիտական մեկնաբանման գործում։ Պրոֆեսոր Հովհաննիսյանը բազմիցս մասնակցել է նշված հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային գիտաժողովների, ներկայացրել իր հիմնավոր և սկզբունքային դիտարկումները հայկական պետականության և Հայոց ցեղասպանության շարժառիթների ու հետապնդվող նպատակների մասին։
Ռիչարդ Հովհաննիսյանը եղել է Կալիֆոռնիայի (Լոս Անջելես) պետական համալսարանի պրոֆեսոր (1969թ-ից), հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավար (1962թ-ից), Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ (1987թ-ից)։ Նա Ամերիկայի հայկական համագումարի և հայագիտական ընկերակցության հիմնադիր անդամներից է, վերջինիս առաջին նախագահը։ Անդամակցել է միջազգային և ամերիկյան գիտական ու հասարակական մի շարք կազմակերպությունների։
Ռիչարդ Հովհաննիսյանն արժանացել է ԵՊՀ և Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Կիլիկիո ասպետ» շքանշաններով: Ռիչարդ Հովհաննիսյանի անունով է կոչվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում պրոֆեսոր Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։