ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագիր կրող «Hope For Dreams» երաժշտական նախագիծը:

«Hope For Dreams» երաժշտական նախագծի շրջանակում զարգացման առանձնահատկություններ ունեցող դեռահասներն ու երեխաները օրերս համերգային ծրագրով՝ երաժշտական կատարումներով հանդես են եկել Վանաձորում:

«Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ «Hope For Dreams» երաժշտական նախագծի մասնակիցներն են զարգացման առանձնահատկություններ ունեցող դեռահասներն ու երեխաները: Բազմաժանր երաժշտական կատարումներով նրանք պրոֆեսիոնալ երաժիշտների հետ հանդես են գալիս ՀՀ մարզերում:

Նաիրա Սարգսյանի խոսքով՝ ծրագիրն ուղղված է ՀՀ մարզերում ներառական մտածողության զարգացմանն ու տարածմանը: Այն նպատակ ունի նաև ապահովել ներառականությունը կրթության և մշակույթի ոլորտներում, կատարողական արվեստի միջոցով տարածել մարդասիրություն, դժվարությունները հաղթահարելու լավատեսություն և կամք:

Նշենք, որ ծրագրի շրջանակում նախագծի սաները ամիսներ շարունակ մասնակցել են փորձերի և վարպետության դասերի, այնուհետև համերգներով հանդես են եկել ՀՀ մարզերում: Առաջին համերգը կայացել է Վաղարշապատի «Կոմիտասի» անվան մշակույթի կենտրոնում: Բազմաժանր երաժշտական ծրագրով նրանք ելույթ են ունեցել նաև Ապարանի արվեստի դպրոցում, համերգներով հանդես եկել նաև Դիլիջանում, Գորիսում, Վանաձորում:

«Hope For Dreams» երաժշտական ներառական ծրագիրը միտված է զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց ստեղծագործական կարողությունների զարգացմանը, դրանց կատարելագործմանն ու արվեստի բնագավառում հանրության առջև դրսևորվելու հնարավորությանը:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի հովանավորներն են նաև «Աուտիզմ» ազգային հիմնադրամը», Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և «Երաժշտական շտապ օգնություն» կազմակերպությունը: