Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:

Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Ի դեպ, հրում վարժությունում գլխավերևում պահելով 129 կգ կշռող ծանրաձողը՝ Էմմա Պողոսյանը Եվրոպայի մինչև 17 տարեկանների ռեկորդ է սահմանել: Հայ մարզուհին Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող էր դարձել նաև 2022 թվականին՝ մինչև 15 տարեկանների պայքարում:

Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Մովսիսյանը պոկել է 145 կգ, հրել՝ 160 կգ՝ արժանանալով նաև առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին:

Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել է Աննա Ամրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։ Պոկում և հրում վարժություններում ևս Ամրոյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ կանանց 71 կգ քաշային պայքարում Ալինա Սուքիասյանը բրոնզե մեդալ էր նվաճել՝ 185 կգ արդյունքով (85+100 կգ):

Ավելի վաղ, պատանեկան ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ) և Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):