Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կամփոփվի «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը՝ հաշվետու ներկայացումներով: Որպես ծրագրի եզրափակում՝ հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, խմբերը թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծած ներկայացումները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Ծրագրի այս փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 9-ը, մասնակցում են 70 աշակերտ՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից։ Հիմնական թիրախային խումբը ավագ դպրոցների աշակերտներն են։ Երկշաբաթյա նախագծի ընթացքում մասնակիցներն աշխատում են խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ունի պարի, մնջախաղի և մյուզիքլի խմբեր։

Նշենք, որ ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնելու թատրոնի համակարգային կառուցվածքը։