ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրի՝ ՀՀ կառավարությանը հանձնելուն նվիրված միջոցառման շրջանակում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուն այցելել են Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոց:

Այցին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, Ռուսաստանի Սոցիալական արդյունաբերական սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ՌԴ ֆինանսների նախարարության և ՌԴ Ճյուղայի սննդի ինստիտուտի ներկայացուցիչներ, Կոտայքի և Տավուշի մարզերի պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում փոխնախարարին և հյուրերին ներկայացվել են ՊՀԾ-ի ներդրումները ինտենսիվ հատապտուղների այգիներում, արևային կայաններում, անձրևաջրերի կառավարման, կենսահումուսի արտադրության և դպրոցը համայնքի զարգացման շարժիչ ուժի վերածող պոտենցիալ բիզնես մոդելում:

Այցի մասնակիցները շրջել են դպրոցում, եղել խոհանոցային հատվածում և ճաշարանում, որտեղ երեխաները սնվում էին, ինչպես նաև համտեսել ուտեստները:

Գեղաշենի միջնակարգ դպրոցը «Դպրոցական սնունդ» ծրագրին միացել է 2018 թվականին: Դպրոցի շահագործումից ի վեր՝ ճաշարանային հատվածը երբևէ չի վերանորոգվել և եղել է անբարեկարգ վիճակում: Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական ներդրումների և դպրոցի տնտեսած միջոցների հաշվին այս տարի միայն հնարավոր է եղել ունենալ բարեկարգ և լուսավոր ճաշարան: Ծրագրի շրջանակում համատեղ ուժերով դպրոցը ձեռք է բերել նաև խոհանոցային անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ: Դպրոցում տաք սնունդ է ստանում 1-4-րդ դասարանների և նախակրթարանի շուրջ 300 երեխա՝ 3 հերթափոխով:

Հյուրերը ծանոթացել են նաև պահեստի պայմաններին, որտեղ պահեստավորված էին դպրոցի հատապտղային այգուց հավաքված մորու պաշարները, ինչպես նաև շրջել այգում: Այն հիմնվել է 2021 թվականին «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցներով, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։ Ի սկզբանե ասֆալտապատ տարածքը կանաչապատ գոտու վերածելը մեծ ջանք է պահանջել, որին մասնակցել են դպրոցի անձնակազմը, ծնողներն ու աշակերտները:

Այնուհետև դպրոցի դահլիճում ներկաները մասնակցել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ մշակված ու «Փոփոխությունների թատրոնի» կողմից պատրաստված ու բեմադրված «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ ներկայացմանը, որի ընթացքում հերոսները պտտվել են առողջ սննդի մոլորակներում ու առանձնացրել առողջ սնունդը՝ այսպիսով երեխաներին խաղի օգնությամբ սովորեցնելով առողջ սնվելու գաղտնիքները։