ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2» մրցույթը:

Մրցույթն ուղղված է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը: Մրցույթի հիմնական նպատակներն են ներպետական և միջազգային համագործակցության խթանումը, Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի ներգրավումը, գիտության ոլորտում մրցակցային պայմանների խթանումը և այլն: Մրցույթին ներկայացվող նախագծերը կարող են լինել գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից. կարևորվում է, որ դրանք լինեն հավակնոտ, խոստումնալից և իրագործելի:

Նախագծերն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում՝ 2-5 անդամից կազմված խմբով՝ 5 տարի տևողությամբ: Խմբի ղեկավարը պետք է վերջին 4 տարվա ընթացքում գումարային 12 ամիս և ավելի աշխատած կամ ուսումնառած չլինի Հայաստանում, ծնված լինի 1973 թ. հունվարի 1-ից հետո, իսկ գիտական աստիճանը ստացած լինի 2003 թ. հունվարի 1-ից հետո։ Մրցույթի պայմաններում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների ներգրավմանը: Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1988 թ. հունվարի 1-ից հետո,և նրանցից առնվազն մեկը դիմելու պահին պետք է չլինի ՀՀ գիտական կազմակերպության աշխատակից։

Խումբը նաև պետք է ունենա արտերկրի գործընկեր (Foreign Partner/Collaborator)՝ արտերկրում համապատասխան մասնագիտությամբ աշխատող գիտնական, որը թեմայի կատարման ընթացքում առնվազն 25 օր կայցելի Հայաստան և նույնքան ժամանակ կընդունի խմբի անդամներին արտասահմանյան գիտական հաստատություններում։

Մեկ նախագծի համար 5 տարվա կտրվածքով կհատկացվի մինչև 157 միլիոն ՀՀ դրամ:

Նախագծի մեկնարկից հետո երկու տարվա ընթացքում խմբի հիման վրա կազմակերպությունում բազային ֆինանսավորման շրջանակում ձևավորվելու է նոր գիտական ստորաբաժանում: Նախագծի իրականացման ընթացքում խումբը պետք է ապահովի հրապարակումներ միջազգային գիտական պարբերականներում, ինչպես նաև միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում (submitted grant):

ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով մրցույթն անցկացվում է երրորդ անգամ, նախորդ երկու մրցույթների արդյունքում ընտրվել էին 5-ական նախագծեր, որոնցից 3-ի ղեկավարներն ազգությամբ հայ չեն:

Մրցույթի հայտերն ընդունվում են irf-2023-armenia.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2023 թ. օգոստոսի 25-ը ներառյալ:

Մրցույթի հրավերի փաթեթը հայերեն

Մրցույթի հրավերի փաթերը անգլերեն