Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի ոլորտի կոնվենցիաների կիրարկումն ապահովող աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը «Մոնդիակուլտ 2022» համաժողովի եզրափակիչ հռչակագրի դրույթներին, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից մշակվող Մշակույթի և գեղարվեստական կրթության զարգացման փաստաթղթին: Կարևորվել են նաև մշակութային և լեզվական բազմազանության հարցերը, ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն խմբի գործունեությունը։

Քննարկման ընթացքում նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ինքնության աղավաղման հարցերին, այդ թվում՝ Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու մասին անցյալ շաբաթ հայտնի դարձած Ադրբեջանի ծրագրերին։ Ներկայացվել է հայկական կողմի խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կողմից մշակութային և մարդու հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորության բացակայության կապակցությամբ։ Շեշտվել է նաև, որ շրջափակման հետևանքով խախտվում է նաև արվեստագետների շարժունության սկզբունքը։ Այս կապակցությամբ մեկ անգամ ևս կարևորվել է Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի սահմանամերձ տարածքներ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Էռնեստո Օտտոնեն բարձր է գնահատել Հայաստանի հետ ՅՈւՆԵՍԿՕ-ի համագործակցությունը՝ այդ թվում ընդգծելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը և աջակցությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելությունների իրականացման և վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցում։

Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Գլխավոր տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ներսես Շնորհալուն նվիրված ճանաչողական ցուցահանդեսի և գիտաժողովի կազմակերպման համար։

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել Գլոբալ քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, ինչպես նաև կրթության միջոցով ռասիզմի, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, «Կանաչ կրթություն» նախաձեռնության, թվային կրթության զարգացման հարցերի շուրջ։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի որոշումը մասնակցել «Կանաչ կրթություն» նախաձեռնությանը: Նախարարը կարևորել է թվային կրթության և թվայնացման գործընթացների ընդլայնումը կրթության ոլորտում, միջբուհական համագործակցության շրջանակների ընդլայնումը, կրթության համակարգում ներառականության ընդլայնման հարցերը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է տարածաշրջանում խաղաղ կրթության ապահովումը և առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ գործուն մասնակցությամբ աջակցել այս գաղափարին:

Անդրադառնալով թվային կրթությանը և ուսուցիչների կարողությունների զարգացմանը՝ ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և Լեռնային Ղարաբաղի ուսուցիչներին աջակցելու, վերապատրաստման ծրագրերում ներգրավելու կարևորությունը։ Նախարարն ընդգծել է, որ խախտվում են նաև երեխաների և ուսանողների կրթություն ստանալու իրավունքները. աշակերտները հաճախակի զրկված են լինում դպրոց հաճախելու, իսկ ուսանողները՝ բուհերում առկա ուսուցում ստանալու հնարավորությունից։

Նույն օրը նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ (INALCO) , որտեղ հանդիպել է կառույցի ղեկավար Ժան Ֆրանսու Հյուշեի, հայագիտության բաժնի դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այնուհետև նախարարը շրջայց է կատարել և ինստիտուտի գրադարանում ծանոթացել հայերեն հնատիպ գրքերին: Նախարարը բուհի գրադարանին է նվիրել Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտական վերջին հրատարակությունը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել գրադարանային ֆոնդի համալրմանը, կազմակերպել հայագիտական կենտրոնների ուսանողների հավաք Հայաստանում, աջակցել կենտրոնի գիտական ուսումնասիրությունների ծրագրերին։