ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար. «Մենք շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին և սպորտում ունեցած նրանց հաջողությունները: Կարծում եմ՝ միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք և իդեալական կլինի, եթե պահպանվի կապը, տեղի ունենան փորձի փոխանակումներ, որոնք կօգնեն մեր երկրում բասկետբոլի զարգացմանը»։

Ելենա Շակիրովա-Բունիաթյանցն ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է աջակցելու ինչով կարող է:

Նշենք նաև, որ Ելենա Շակիրովա-Բունիաթյանցը 1985-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմի կազմում: Եղել է ԽՍՀՄ-ի կազմում երիտասարդական աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: Այժմ Ղազախստանի «Ակտոբե» բասկետբոլի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչն է, միակ կին մարզիչը աշխարհում, որը մարզում է տղամարդկանց թիմը: