ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ է ունեցել Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին:

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ատեստավորման խրախուսմանը:

Նախարարի տեղակալը մանրամասն խոսել է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրման մասին՝ նշելով, որ առանձնացվել են դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Վարչատնտեսական մասի համակարգողը կիրականացնի դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը, իսկ տնօրենը` ուսումնական գործընթացի պլանավորումը և կազմակերպումը։

Անդրադարձ է կատարվել նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ հավակնորդները բովանդակային ծրագրեր կազմելու ուղղությամբ դեռ անելիքներ ունեն, քանզի տնօրենի պաշտոնի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերն անցնում են մասնագիտական փորձաքննություն: Ներկայացված ծրագրերի մի զգալի մասը դրական եզրակացություն չեն ստացել, ինչը, ըստ փոխնախարարի, մտահոգիչ է:

Ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, և կամավոր ատեստավորմանը մասնակցելու, անհրաժեշտ միավորներ վաստակելու դեպքում վերջիններս կարող են շարունակել մասնագիտական գործունեությունը։

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել Արաքսիա Սվաջյանին:

Նշենք նաև, որ խորհրդակցություններին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը, մարզպետարանների աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։