ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես, որին կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները:

Միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառի հանրահռչակմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, Երևան-մարզ կապի ամրապնդմանը:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում ժամը 17:00-ին կբացվի նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, որին կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, երաժշտական համույթների մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ համերգին կմասնակցի շուրջ 160 աշակերտ, իսկ ցուցահանդեսին կներկայացվի մոտ 80 աշխատանք։

2023 թվականի 1-ին կիսամյակում «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաև ՀՀ բարձրագույն, միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները ՀՀ մարզերի և Երևան քաղաքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի ու պարարվեստի դպրոցներում իրականացրել են ուսումնամեթոդական և գործնական օգնություն վերոնշյալ դպրոցների 600 դասատուների և 2530 աշակերտների համար: