ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում Գորիսում՝ Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, հանդիպում է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, նախարարության ու մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական հարցերը վերաբերում էին 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և հանրակրթության նոր չափորոշչին:

Տավուշի մարզում նախորդ երկու տարիներին փորձարկվելուց հետո նոր ուսումնական տարվանից հանրակրթության չափորոշիչը ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով համապատասխան դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, ինչպես նաև դպրոցների տնօրենները և փոխտնօրենները վերապատրաստման դասընթացներ են անցնելու:

Ա․ Սվաջյանն ու մյուս բանախոսներն անդրադարձել են կրթական համակարգի մի շարք այլ նորությունների ու սպասվող փոփոխությունների ևս, պատասխանել են ներկաների հարցերին։

Մարզային խորհրդակցություն է տեղի ունեցել նաև Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։