ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի թենիսի կանանց հավաքականին, որը հունիսի 19-24-ը տպավորիչ ելույթներ է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ոչ պաշտոնական աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում (ITF Billie Jean King Cup):

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանն ու հավաքականի մարզուհիները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզուհիներին տպավորիչ ելույթների ու գրանցած բարձր արդյունքների կապակցությամբ. «Լավ է, որ թենիսում այսպիսի հաջողություն ունենք. սա շատ լուրջ նվաճում է: Բավական երիտասարդ թիմ ունենք: Վստահ եմ՝ հետագայում կխաղանք բարձր լիգայում ու դա կդիտվի որպես օրինաչափություն, և ոչ՝ պատահականություն»:

Կարեն Գիլոյանը հետաքրքրվել է թենիսիստների առաջիկա ծրագրերից, տեղեկացել, որ նրանցից շատերը բարձրագույն կրթություն են ստանում ԱՄՆ-ի համալսարաններում: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ուսումնառությունն ավարտելուց հետո հայ մարզուհիները կշարունակեն խաղալ ու տարբեր մրցահարթակներում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը:

Նշենք, որ Հայաստանի թիմը մասնակցել է եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարին և 11 թիմերի պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հայ թենիսիստները Ա ենթախմբում միևնույն 2։1 հաշվով 4 հաղթանակ են տարել Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերի նկատմամբ, դուրս են եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, դժվարին պայքարում 1:2 հաշվով զիջել են Հյուսիսային Մակեդոնիայի թիմին ու չեն կարողացել բարձրանալ երկրորդ խումբ:

Թենիսի կանանց աշխարհի գավաթի թիմային խաղարկության եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակչում Հայաստանի հավաքականի կազմում 20-ամյա Իռենա Մուրադյանն առաջին մրցախաղում 6:4, 4:6, 6:0 առավելության է հասել 27-ամյա Մագդալենա Ստոիլկովսկայի նկատմամբ, երկրորդ մրցախաղում 22-ամյա Մարինա Դավթյանը 0:6, 0:6 հաշվով պարտվել է 28-ամյա Լինա Գյորչեսկային, իսկ զուգախաղում Մարինա Դավթյանն ու Իռենա Մուրադյանը 3:6, 2:6 զիջել են Լինա Գյորչեսկային ու Մագդալենա Ստոիլկովսկային։

Հավաքականի ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի խոսքով՝ հավաքականի երիտասարդ թենիսիստներն առաջին անգամ էին մասնակցում նմանօրինակ խոշոր մրցաշարի. «Բոլորն էլ հանդես են եկել մեծ նվիրումով, պայքարել են մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի սկզբունքով ու նախևառաջ մեծ փորձ են հավաքել, ինչը միանշանակ օգտակար կլինի Բիլի Ջին Քինգի գավաթի հաջորդ խաղարկությունների ժամանակ»։

Նշենք՝ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել Մարինա Դավթյանը, Արևիկ Թումանյանը, Իռենա Մուրադյանը, Մարիամ Ղազարյանը և Նաիրա Գևորգյանը: