Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Գրադարակ Աղավնաձոր» գրադարանի պաշտոնական բացման արարողությունը:

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը փաստել է, որ մարզային գրադարանների հիմնադրումը, ինչպիսին «Գրադարակ Աղավնաձոր»-ն է, ամբողջությամբ համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ուղենիշներին: Վերոնիկա Խորասանյանի ընդգծմամբ՝ այս պահին պետության կողմից որդեգրած քաղաքականության գերակա ուղղություններից մեկը ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումն է և լիարժեք աջակցությունը նմանօրինակ նախաձեռնություններին, կազմակերպություններին։ Իսկ «Գրադարակ» ՀԿ-ի կողմից հիմնադրված մարզային գրադարանների հիմնման ծրագիրն ամբողջությամբ այս համատեքստում է։

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր ելույթում կարևորել է գրադարանի առկայությունը մարզային միջավայրում՝ նշելով, որ հիմնված գրադարանը ծառայելու է որպես համայնքային գրադարան՝ հագեցած ուսումնական ռեսուրսներով և խաղերով, և որպես ապահով վայր՝ երեխաներին և դեռահասներին հոգեսոցիալական աջակցության վայր՝ ոչ ֆորմալ կրթություն և երեխաների պաշտպանության այլ ծառայություններ տրամադրելու համար:

Մարզերում բազմաֆունկցիոնալ գրադարանների ստեղծման գաղափարը պատկանում է «Գրադարակ» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը։ Գաղափարի առանցքային նպատակը երեխաների, դեռահասների, երիտասարդների շրջանում գիտելիքի ու կրթության հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելն է։

Առաջին գրադարանը հիմնվել է 2018 թ. Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Մինչև այժմ ՀՀ-ում ստեղծվել է 7 գրադարակ՝ Ամրակից և Դեբեդ (Լոռու մարզ), Չորաթան և Մովսես գյուղերում (Տավուշի մարզ), Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում, Արարատի մարզի Դվին գյուղում և 7-րդը՝ Վայոց ձորի մարզի Աղավնաձորում։

Գրադարանները հիմնադրվում են տարբեր դոնոր կազմակերպությունների, անհատ բարերարների ֆինանսական նվիրատվությունների հաշվին։

Աղավնաձորի մշակույթի տանը տեղակայված գրադարանը հիմնադրվել և կահավորվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և «Գրադարակ» ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի և Արենի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։