ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է «Ներգրավված քաղաքացի» վերապատրաստման դասընթացի ավարտի կապակցությամբ, որը դասախոսների և ուսանողների համար հաջողությամբ իրականացրել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպությունը. «Ուրախ եմ արձանագրել, որ «Ներգրավված քաղաքացի» նորարարական և ինտերակտիվ դասընթացն իրականացվում է 13 համալսարանում և 1 քոլեջում: Մինչ օրս ավելի քան 550 ուսանող ներգրավվել է, և ավելի քան 77 դասախոս վերապատրաստվել քաղաքացիական կրթության դասընթացի շրջանակում։ Ողջունելի է այն փաստը, որ «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպությունը շարունակում է ընդլայնել կրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ ներառելով նաև միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունները: Դասընթացի շնորհիվ ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն իրենց ուրույն, դրական ազդեցությունը կունենան հանրային կյանքում փոփոխություններ իրականացնելու գործում: Ձեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ կատարել է առաջին քայլը դեպի փոփոխության իրականացում՝ ավարտելով այս դասընթացը և պարտավորվելով դառնալ հանրային կյանքում պատասխանատու, ներգրավված, քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի»:

Արթուր Մարտիրոսյանի նշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արմատապես վերանայել է կրթության, ուսուցման ու վերապատրաստման գործող համակարգը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից` կարևորելով յուրաքանչյուր քաղաքացուն, հասարակության յուրաքանչյուր անդամին՝ որպես մարդկային կապիտալի մի մասնիկ։ Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ համակարգի զարգացման գործողություններն արտացոլվել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում», որի նպատակներից է նաև ձևավորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և մասնակցային ժողովրդավարության վրա հենվող անհատներ։

«Ուզում եմ մեր շրջանավարտներին հիշեցնել, որ զբաղված քաղաքացու գործը երբեք չի ավարտվում, քանի որ այն գործողությունների շարունակական գործընթաց է: Ես խրախուսում եմ ձեզ շարունակել տեղեկացված, ներգրավված մնալ և աշխատել բոլորի համար` աջակցելով հանրային կյանքի բարելավմանը: Շնորհավորում եմ ձեզանից յուրաքանչյուրին` ակնկալելով ձեր նվիրումը և կայունությունը՝ իբրև ներգրավված քաղաքացի հանրային կյանքում» - նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն:

Միջոցառման ընթացքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի «Հայբուսակ» համալսարանի, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հանգամանորեն ներկայացրել են իրենց համայնքային նախաձեռնությունները: Ուսանողները և դասախոսները հնարավորություն են ունեցել կիսվելու իրենց փորձով, քննարկելու Հայաստանում քաղաքացիական կրթության ամրապնդման տարբեր ուղիները և ներկայացնելու ուսանողների իրականացրած համայնքային նախաձեռնությունները։

Նշենք, որ «Ներգրավված քաղաքացի» նորարարական և ինտերակտիվ դասընթացը միտված է խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների հասկացությունների ընկալումը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Դասընթացի շրջանակում ուսանողները ձեռք են բերում այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավման և մասնակցության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար։

Տեղեկացնենք նաև, որ դասընթացը մեկնարկել է 2019 թվականին և իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակում։

Դասընթացի տևողությունը 12-15 շաբաթ է և ներառում է նաև համայնքային նախաձեռնությունների իրականացում: Դասընթացը նպատակաուղղված է ուսանողներին տրամադրել քաղաքացիների արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև խթանել ժողովրդավարական սկզբունքները: