Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները:

Յուրիկ Հովեյանն առաջնության ոսկե մեդալին արժանացել է ՝ 63 կգ քաշայինների եզրափակչում լարված պայքարում առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ: Հովեյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել չեխ Մաթուս Ջանկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն 12-1 հաշվով շանս չի տվել թուրք Ֆուրկան Էրկենին:

Վիգեն Նազարյանն արծաթե մեդալ է նվաճել՝ 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար գոտեմարտում 4-5 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեին: Նազարյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր հունգարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում Նազարյանը նույն հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել Շվեդիան ներկայացնող թուրք ըմբիշ Համզա Սերտջանլիից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ վճռորոշ գոտեմարտում 11-6 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարի նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, իսկ Գասպար Տերտերյանը (67 կգ) այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի և Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ: