Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը, որով մեկնարկել են Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Նույն օրը տեղի է ունեցել նաև նույնանուն խորագրով ցուցադրության բացումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված հայ միջնադարյան հայտնի մտածող Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը:
«Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովին մասնակցել են Մատենադարանի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վատիկանի ներկայացուցիչը, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր Ստեփանյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վատիկանի ներկայացուցիչը։
Գիտաժողովի հիմնական զեկուցողներն էին ֆրանսիացի անվանի հայագետ Ժան Պիեր Մահեն, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Գուրգեն Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայր Շահե աբեղա Անանյանը: Գիտաժողովը վարել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը։
Ելույթի ընթացքում բանախոսներն արժևորել են Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։
Գիտաժողովին հաջորդել է նույնանուն խորագրով ցուցադրությունը, որի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մշակութային կարևոր և աննախադեպ իրադարձության կապակցությամբ. «Այսօր մենք առիթ ունենք վերստին նշանավորելու հայոց հոգևոր պատմության ամենաերևելի անուներից մեկին՝ Սուրբ Ներսես Շնորհալուն։ Վստահ եմ՝ այսօր մեկնարկած գիտաժողովի շրջանակում տրվել են ստույգ գիտական գնահատականներ, գեղեցիկ և խորիմաստ բնութագրումներ և, այդուհանդերձ, դժվար է սահմանել այն դերն ու նշանակությունը, որ ունեցել է մեծանուն Հայրապետը հայ աստվածաբանական ու գեղագիտական մտքի ձևավորման մեջ»։
Նախարարի նշմամբ՝ ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է ծանոթանալու Ներսես Շնորհալու ժառանգությանը և գիտակցելու նրա դերը մատենագրության, գրավոր մշակույթի պատմության մեջ։
«Նմուշների բնագրերը պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, և առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաշտոցյան Մատենադարանին պատկերազարդ ձեռագրերի թվային պատճենները տրամադրելու համար»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը նման հնարավորություն ստեղծելու համար:
Ելույթներ են ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ էդուարդ Ֆիրմին Մատոկոն։
Ցուցադրությունը ներկայացրել է ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը: