ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 9-ն իրականացվում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։

Ծրագրի գլխավոր նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը, աշակերտներին ծանոթացնել թատերարվեստի ոլորտին, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը։

Ծրագիրն անցկացվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս ոչ ֆորմալ կրթական ծրագրի հիմնական թիրախային խումբն ավագ դպրոցի աշակերտներն են։ Ծրագրի այս փուլում մասնակցում է 70 աշակերտ՝ Երևանից և ՀՀ մարզերից։ Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ունի պարի, մնջախաղի և մյուզիքլի խմբեր։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատելու են խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։

Խմբերի ղեկավարներն են Աննա Էլբակյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հարությունյանը, Արինա Արարատյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Իսրայելյանը: Դասախոսներն են Լիլի Էլբակյանը, Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արման Բալմանուկյանը, Արտյոմ Գևորգյանը, Նարինե Իսրայելյանը։

Նշենք, որ ծրագրի ավարտին խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։

Հիշեցնենք նաև, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնելու թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին։ Համավարակի ժամանակ ծրագիրն ունեցել է երկու առցանց փուլ։ 2021 թվականից ծրագիրը թեմատիկ հենք է ընտրել դերասանի վարպետությունը։