ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծման և «ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծերի ներկայացում:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է օրակարգի առաջին հարցին՝ նշելով, որ Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը դեռևս գաղափարի և նախագծի մակարդակում քննարկվող հարց է: Նա կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի նիստում՝ հստակեցնելու պատկերացումները, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել մշակույթի ոլորտում վարվող քաղաքականությունը. «Մշակույթի զարգացման հիմնադրամի գաղափարը նոր չէ. այն եղել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, սակայն այդ դրույթը չի իրացվել: Մեր նպատակն է այդ դրույթն իրագործել և դրա մեջ դնել հավելյալ բովանդակություն: Պետք է փոխել մեր կառավարման մոդելը, կարողանալ մեր հարուստ մշակույթի ներուժը ճիշտ օգտագործել, այն հասանելի դարձնել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ճանաչեն և հաղորդակցվեն այդ մշակույթին, որը կյանքի որակի կարևոր ցուցիչ է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով արդյունավետ կառավարման և մշակութային հաստատությունների զարգացման հարցերին:

Ներկայացնելով բարձրագույն կրթության համակարգում կրթաթոշակային քաղաքականության վերանայման մոտեցումը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագիծը հնարավորություն կտա խրախուսելու դիմորդների թվի աճն այն մասնագիտությունների գծով, որոնք պետության համար ունեն առաջնային կարևորություն, և որոնցով տարիներ շարունակ գրանցվող պատկերը մտահոգիչ է: Ըստ նախարարի՝ նախատեսվում է նմանատիպ մոտեցում կիրառել նաև ՄԿՈՒ ոլորտում:

«Հույս ունեմ, որ երկու հարցերով էլ արդյունավետ քննարկում կունենանք. նախարարությունը միշտ բաց է առաջարկների համար: Եղել են լավ նախադեպեր, երբ օրակարգային հարցերն առաջարկել են հասարակական խորհրդի անդամները, հետևաբար հետայսու ևս կխնդրեմ լինել նախաձեռնող: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև հանրային քննարկման հարթակում նախարարության ներկայացրած տարբեր նախագծերին և խնդրել, որ հայտնեք ձեր դիրքորոշումները. դրանով շատ օգնած կլինեք նախարարությանը»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով քննարկումների պատրաստակամության համար:

Օրակարգի առաջին հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով՝ գույքագրելով ոլորտում առկա խնդիրները և ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը՝ հանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է մի ճկուն մարմին, որը կկարողանա ստանձնել որոշ գործառույթներ՝ ՊՈԱԿ-ների աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ըստ նախարարի տեղակալի՝ հիմնական գործառույթներից մեկը ոլորտի հանրահռչակումն է. «Երբ ոլորտի ՊՈԱԿ-ներն իրարից անկախ զբաղվում են հանրահռչակման գործունեությամբ, որի համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական և մասնագիտական կարողություններ, ապա չենք ստանում անհրաժեշտ առավելագույն արդյունքը: Հետևաբար, կարծում ենք՝ պետք է լինի հիմնադրամ, որը կստանձնի այդ ամբողջ գործառույթները և կհամախմբի բոլոր ուժերը»:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ առկա է նաև մասնագիտական կարողությունների կարիք. ավելի հեշտ կլինի մի կառույցում ունենալ մի քանի համապատասխան աշխատակից, քան բոլոր կառույցներում ստեղծել այդ հաստիքները, որը գումարի արդյունավետ ծախսման տեսանկյունից ճիշտ է: «Քննարկվում է արդիականացնել նաև ՊՈԱԿ-ների ֆինանսական համակարգը, որը պետք է լինի արտապատվիրակելու կամ եթե հնարավոր չէ, ներսում ստորաբաժանում ստեղծելու եղանակով: Դրանով նախ կտնտեսվեն զգալի գումարներ, ինչպես նաև կունենանք ավելի հեշտ վերահսկման մեխանիզմ: Սակայն բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել առկա հնարավորությունները. որ տարբերակը կկարողանանք, դա էլ կիրականացնենք»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հավելելով, որ սրանք այն գլխավոր գործառույթներն են, որ նախատեսվում է իրականացնել հիմնադրամում:

Զեկուցումից հետո նախարարին կից հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել բանախոսին, որոնք, մասնավորապես, վերաբերել են մշակութային հաստատությունների աշխատակիցների վարձատրության, նախագծի հիմքում ընկած ֆինանսական հաշվարկների, հիմնադրամի աշխատակիցների ընտրության և նրանց աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշների, աշխարհում եղած փորձի ուսումնասիրության և հնարավոր ռիսկերի գնահատման, հաղորդակցության մեխանիզմների և հիմնադրամի՝ կատարողական արվեստի հետ առնչության, հիմնադրամին տրամադրվելիք աջակցության, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության և այլ խնդիրների:

Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է գործող կարգավորումների շրջանակում և հետագայում կբարելավվի: Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ հիմք ընդունելով մի շարք ուսումնասիրություններ, ինչպես նաև ոլորտի հիմնական ռազմավարությունը՝ առանձնացվել է երկու ուղղվածության մասնագիտությունների ցանկ: Ըստ այդմ՝ սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները, այն է՝ մասնագիտական մանկավարժություն՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտություններ: «Նախարարությունը որդեգրել է կրթաթոշակի մեկ հասկացություն՝ դա կլինի ուսանողին տրվող ֆինանսական աջակցության ձև՝ կախված տարբեր հանգամանքներից: Կլինեն տարբեր կրթաթոշակի ձևեր, որոնց տրման պայմանները և կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը: Կրթաթոշակը միտված կլինի, ինչպես ամբողջ աշխարհում ընդունված է, ուսանողի կարիքներին՝ կեցության, սննդի, տրանսպորտի և այլ ծախսեր հոգալու համար»,-նշել է Լուսինե Գրիգորյանը՝ հավելելով, որ կրթաթոշակ կտրամադրվի նաև առաջադիմության հիմքով:

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է 2023-24 թթ. ուստարում ընդունված վերոնշյալ մասնագիտությունների ուսանողներին տրամադրել 70-77 հազար դրամ կրթաթոշակ՝ անկախ նրանից՝ ուսման վարձի փոխհատուցմամբ անվճար, թե վճարովի տեղերում են սովորում, իսկ արդեն հաջորդ կուրսից սկսած, ըստ առաջադիմության, 10 տոկոս հավելում կլինի այդ կրթաթոշակին: Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ առանձնացվել են նաև երկու սոցիալական խմբեր՝ առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող ուսանողները, որոնք այս պահին ևս ստանում են կրթաթոշակ: «Մենք կարևորում ենք առաջադիմությունը. Կառավարության որոշմամբ այս պահին էլ կա նպաստների կարգ, որով անկախ կարգավիճակից՝ պետության կողմից կրթաթոշակ տրվում է միջին որակական գնահատականը 60-70 և ավելի տոկոս ապահովելու պայմաններում: Սրան զուգահեռ գործում է նաև «Լավագույն ուսանող» կարգը: Կրթաթոշակի այս ձևը ևս կօգտագործվի. կլինեն անվանական և գերազանցության կամ բարձր առաջադիմության համար տրվող անվանական կրթաթոշակներ, իսկ մնացած դեպքերում, ուսանողի կարիքից ելնելով, կսահմանենք նոր կրթաթոշակի համակարգ»,- նշել է Լուսինե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ երկրորդ և անցումային կուրսերում դեռևս կիրառվելու է նախկին կրթաթոշակի չափը:

Զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հարցեր են ուղղել նաև Լուսինե Գրիգորյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են առաջադիմության և խրախուսման այլ մեխանիզմների, ագրարային մասնագիտությունների կարևորման և այլ խնդիրների:

Ամփոփելով նիստը՝ բանախոսները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծերի հանրային քննարկման փուլում հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն դրանցում՝ փաստաթղթերն առավել կենսունակ և որակյալ դարձնելու նպատակով: