ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագիր կրող «Hope For Dreams» երաժշտական նախագիծը:

«Hope For Dreams» երաժշտական նախագծի մասնակիցներն են զարգացման առանձնահատկություններ ունեցող դեռահասներն ու երեխաները, որոնք բազմաժանր երաժշտական կատարումներով հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտների հետ:

Ամիսներ շարունակ ծրագրի սաները մասնակցել են փորձերի և վարպետության դասերի, այնուհետև համերգներով հանդես եկել ՀՀ մարզերում: Առաջին համերգը կայացել է Վաղարշապատի «Կոմիտասի» անվան մշակույթի կենտրոնում: Բազմաժանր երաժշտական ծրագրով նրանք ելույթ են ունեցել նաև Ապարանի արվեստի դպրոցում: Ծրագրի շրջանակում տեղի կունենան համերգներ Դիլիջանում, Վանաձորում և Գորիսում:

«Hope For Dreams» երաժշտական ներառական ծրագիրը միտված է զարգացման առանձնահակություններ ունեցող անձանց ստեղծագործական կարողությունների զարգացմանը, դրանց կատարելագործմանն ու արվեստի բնագավառում հանրության առջև դրսևորվելու հնարավորությանը:

Ծրագրի նպատակն է նաև ապահովել ներառականությունը կրթության և մշակույթի ոլորտներում, կատարողական արվեստի միջոցով տարածել մարդասիրություն, դժվարությունները հաղթահարելու լավատեսություն և կամք:

Նշենք, որ ծրագրի հովանավորներն են նաև «Աուտիզմ» ազգային հիմնադրամը», Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և «Երաժշտական շատ օգնություն» կազմակերպությունը: