Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մարզային խորհրդակցությունները շարունակվում են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը​ հանդիպում է ունեցել Արմավիրի ​ և Արարատի մարզպետարանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Խորհրդակցություններին մասնակցել են նաև մարզպետարանների պատասխանատուները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը, ոլորտային այլ պատասխանատուներ:

Քննարկման օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և սեպտեմբերից բոլոր դպրոցներում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչին:

Անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նախորդ երկու տարում այն արդեն փորձարկվել է Տավուշի մարզում, իսկ նոր ուսումնական տարվանից ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստման դասընթացների կմասնակցեն: Ըստ փոխնախարարի՝ նոր չափորոշչով պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները, փոփոխություն է նախատեսվում գնահատման համակարգում, հատուկ շեշտադրում է արված ԲՏՃՄ ուղղության առարկաների, օտար լեզուների և հայագիտական առարկաների ուսուցման որակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով՝ դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ Վարչական կառավարման մեջ ներառվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին՝ շեշտելով, որ հավակնորդները պետք է ավելի լուրջ աշխատեն բովանդակային ծրագիր կազմելու ուղղությամբ: Տնօրենի պաշտոնի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրն անցնում է մասնագիտական փորձաքննություն՝ ստանալով եզրակացություն:

Նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և հիշեցրել, որ նրանք կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, եթե ապահովեն կամավոր ատեստավորման համար սահմանված նվազագույն շեմը:

Հանդիպմանը մասնակից տնօրենները ԿԳՄՍ նախարարի տեղակալին հարցեր են ուղղել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի, դպրոցների լաբորատոր հագեցվածության, կամավոր ատեստավորման, ուսուցիչների աշխատավարձերի, սեպտեմբերից գործարկվող ֆինանսավորման նոր մոդելի և այլ խնդիրների մասին: