ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով հայտնում է, որ 66 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Լեզվի պետական կոմիտեի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի հեռուստալրագրող և դասախոս, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։

Սերգո Սարգսի Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։

1975-1978 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող՝ տեղափոխվել և կրթությունը շարունակել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

1987 թվականին պաշտպանել է «Հայաստանի հեռուստատեսությունը ԶԼՄ-ների համակարգում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2004 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով։

1981-1999 թվականներին աշխատել է ՀՀ հեռուստառադիոյի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ խմբագրից մինչև հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն։

1995-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2010 -2018 թվականներին ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։ Ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

Սերգո Երիցյանը դասավանդել է լրագրություն Երևանի պետական, Հայ-ռուսական, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում, մասնագիտական 45 գրքերի հեղինակ և համահեղինակ է, հեռուստատեսության և մամուլի տեսությանը նվիրված մենագրությունների հեղինակ է, գրքեր է գրել նաև հայ բարերարների գործունեությանը, բարեկամ երկրների արվեստին ու գրականությանը նվիրված։

Հայտնի է որպես հեռուստալրագրող, վարել է «Կարծիք» հեղինակային հաղորդաշարը։

Սերգո Երիցյանը ամուսնացած է, ունի դուստր և որդի։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Սերգո Երիցյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։