Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:

Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ է կատարվել լեհ անվանի գործիչներին՝ մշակույթից մինչև գիտություն:

Այնուհետև տեղի է ունեցել դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրներն են եղել աթլետներ Լևոն Աղասյանն ու Գայանե Չիլոյանը:

Համերգային ծրագրից հետո Խաղերի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը և այլք: Ներկաներին տեսաուղերձ է հղել նաև ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Այնուհետև, հանդիսավոր կերպով վառվել է Եվրոպական երրորդ խաղերի ջահը:

Նշենք՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերում արդեն իսկ մեկնարկել են մարզական մրցումները: Մեր պատվիրակներից առաջինը պայքարի են դուրս եկել աթլետները, որոնք մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը՝ երրորդ դիվիզինում։

Մրցումային առաջին օրը հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է երրորդ դիվիզիոնի հաղթող՝ 16,36 մ արդյունքով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նա 45 սմ-ով գերազանցել է Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին: Վազորդ Երվանդ Մկրտչյանն էլ այսօր 1500 մետր մրցատարածությունում 3:44:11 արդյունքով երրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Կրակովում օրերս անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմն՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը: Առաջնությանը 8 երկրի թիմ է մասնակցել, յուրաքանչյուրում՝ մեկ տղամարդ և մեկ կին մասնակից:

Հայաստանը Եվրոպական ամառային երրորդ խաղերում 57 մարզիկ է ներկայացնում` 9 մարզաձևում: